2020 թվականի նոյեմբերից մինչ օրս Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 58 000 մեքենայի և մոտ 210 000 մարդու տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։
«Դիտորդական կետի անձնակազմը վերահսկողություն է իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ, ապահովում է Լաչինի միջանցքով մեքենաների տեղաշարժի անվտանգությունը, յուրաքանչյուր մեքենա ստուգվում է, անհրաժեշտության դեպքում՝ խուզարկվում: Անցակետով օրական անցնում է մոտ 200 մեքենա»,- ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի 00:00-ից սկսած ամբողջական հրադադար է հայտարարվել Լեռնային Ղարաբաղում։
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: