Մենք Ալիևից որևէ նման առաջարկ չենք ստացել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել, բայց հայկական կողմը չի արձագանքում:
«Խաղաղության պայմանագիր կլինի, թե ինչ կլինի, բայց մենք սրա մասին դիրքորոշում ունենք՝ խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման միջոցով, իսկ դա հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Կարգավորման այլ ֆորմատ գոյություն չունի»-նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը
Գրիգորյանը նշել է, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել համապատասխան հայտարարություններով և հայկական կողմն արձագանքել է դրանց:
«Մենք պատրաստ ենք հիմնախնդրի երկարաժամկետ ու համապարփակ կարգավորման շուրջ բանակցել, և դա կլինի լավագույն խաղաղության պայմանագիրը: Սա է ճանապարհը, որի դետալներից է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկը, իսկ մենք դրան պատրաստ ենք: Այս պահին Ադրբեջանը դրան պատրաստ չէ, իսկ ԼՂ խնդիրը սահմանազատման և սահմանագծման հետ կապ չունի, դրանք առանձին են»,- նշել է Ա. Գրիգորյանը: