Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների նորակազմ խորհրդի առաջին նիստը. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:
Օրակարգում ընդգրկված էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ և քարտուղար ընտրելու, ռեկտորի պաշտոնի համար մրցույթ հայտարարելու, կազմակերպչական կառուցվածքի մեջ փոփոխություններ իրականացնելու, շենքային պայմանների հետ կապված մի շարք հարցեր:
Հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ՝ խորհրդի նախագահ է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի ուսանող Արմավիր Գալստյանը: Նախքան ռեկտորի մրցույթի կայացումը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել ճարտարապետության թեկնածու, դոցենտ Նվեր Միքայելյանը: Իր խոսքում նախագահ Հարությունյանը կարևորել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դերն Արցախի գիտակրթական ու տեխնոլոգիական զարգացման և հետպատերազմյան շրջանում տնտեսական ներուժի վերականգնման գործում՝ ընդգծելով դասավանդման ժամանակակից մեթոդների գործարկման և ուսանողական կյանքի աշխուժացման նշանակությունը:
Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում ծանոթացել է ասֆալտապատման աշխատանքներին և նորակառույց շենքի բնակարանային պայմաններին Արարատ Միրզոյանն ու Արայիկ Հարությունյանը շեշտել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը Անդրադառնալով անվճար բարձրագույն կրթության ծրագրին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի բուհերի առկա համակարգի բակալավրիատի գրեթե բոլոր ուսանողների համար արդեն իսկ 2020-2021 թթ. ուսումնական տարում կրթությունը եղել է անվճար՝ կառավարության կողմից ուսման վարձավճարների փոխհատուցման եղանակով:
Նա հանձնարարել է նախորդ տարվա փորձի հիման վրա սեղմ ժամկետներում ավարտել 2021-2022 թթ. ուստարվա վարձավճարների փոխհատուցման սկզբունքների մշակման ու հաստատման աշխատանքները: Խոսելով կրթական ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի բուհերում կրթություն ստանալը որակական առումով պետք է գրավիչ դառնա նաև Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար: Այդ համատեքստում նա հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին ծրագրեր մշակել ու իրագործել արցախյան բուհերի որակի բարձրացման, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով մասնագիտական առարկաների դասավանդման ուղղությամբ: Նիստի ընթացքում նախագահն անդրադարձել է նաև Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքումով դպրոց ընդունվելու կարգին և ընդգծել, որ, հաշվի առնելով ռուսաց լեզվի դերն արցախցիների կյանքում և դիմորդների թիվը, անհրաժեշտ է ռուսական թեքումով ուսուցումը հասանելի դարձնել բոլոր ցանկացողների համար: Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանին մշակել և գործարկել նոր մոտեցումներ՝ ընդլայնելով հայերենին զուգահեռ ռուսերենով դասավանդման հնարավորությունները դպրոցներում: