Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման հետ:
«Ադրբեջանական բանակի զինծառայող Բաբաև Ջամիլ Նաթիգօղլուն ինքնակամ հեռացել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից: Բաբաևի դեմ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: Ենթադրաբար, ադրբեջանցի զինվորը հատել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքը»,- հայտնում է ԱՀ ՊՆ-ն՝ վկայակոչելով report.az կայքը:
Ավելի վաղ Արցախի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ քաղաքացիների զգոնության շնորհիվ օգոստոսի 25-ին Մարտակերտ քաղաքում՝ Տերյան փողոցի տներից մեկում, հայտնաբերվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը:
«Նույն օրը նրան տարել են Արցախի ԱԱԾ: Հարուցվել է քրեական գործ՝ Արցախի պետական սահմանի ապօրինի հատման, նշված տան անչափահաս բնակիչների սպանության սպառնալիքի, ինչպես նաև լրտեսության հատկանիշներով: Բաբաևը ձերբակալված է, կատարվում է հետաքննություն: Այս գործի հանգամանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի մոտ ժամանակներս»,- ասվում է Դատախազության հայտարարության մեջ: