Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել պ.գ.դ. Ջավադ ալ-Բայդանիին` արաբական Аlmothaqaf.com տեղեկատվական-վերլուծական կայքի համար։
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի հետպատերազմյան Ղարաբաղը և ինչպիսի՞ կարգավիճակի ամրապնդմանն են ուղղված լինելու ԼՂՀ իշխանությունների ջանքերը, Բաբայանը պատասխանել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից սանձազերծված Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ղարաբաղի կարգավիճակը էապես չի փոխվել: Ագրեսիայի նպատակն Արցախի Հանրապետության, նրա ժողովրդի և պետականության ամբողջական ոչնչացումն էր։
Բաբայանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավական լայն կապեր ունի բազմաթիվ երկրների հետ: Պետական մակարդակով մեզ ճանաչել են Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիայի և Ամերիկայի ու Ավստրալիայի մի շարք նահանգներ, Ամերիկայի և Եվրոպայի քաղաքներ ու քաղաքապետարաններ: Տարբեր երկրների հետ փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նպաստում է նաև հայկական Սփյուռքը, որը մեր երկիրը այլ պետությունների հետ կապող ինքնատիպ կամուրջ է։ Արցախի Հանրապետությունն նաև ունի ներկայացուցչություններ արտերկրում:
Նախարարը նշել է, որ Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Արցախում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկն են: Մենք բարձր ենք գնահատում նրանց այս դերը, ինչպես նաև ռուս խաղաղապահների ներդրումը մեր երկրի վերակառուցման և հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում: Մենք անմիջական, բավականին սերտ և եղբայրական հարաբերություններ ունենք ռուս խաղաղապահների հետ: