Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր «Նոր գիտելիքներ» կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի մասին:
«Խոսելով անցյալ տարվա մասին՝ մենք չենք կարող չհիշատակել մեր ջանքերի, առաջին հերթին մեր նախագահի՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների հասնելու մասին: Այդ համաձայնագրերն այժմ հաջողությամբ կյանքի են կոչվում մեր նախարարության, Պաշտպանության նախարարության ներգրավմամբ, ինչպես նաև մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն այս տարածաշրջանում ապահովում է բոլոր հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ բանակցությունները»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն` նոյեմբերի 10-ի կեսգիշերից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում ընթացող բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: