ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Սույն հաղորդագրությամբ Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն առ այն, թե ՊԲ ստորաբաժանումները Շուշիի ուղղությամբ կրակել են:
«Ռուսաստանցի խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 6 շարասյուններ. չորս շարասյուն՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն՝ Շուշի – Կարմիր շուկա-Ջիվանի և մեկ շարասյուն՝ հակառակ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն առ այն, որ հայ դիրքապահները կրակել են Շուշիում տեղակայված ադրբեջանական դիրքի ուղղությամբ: