Հետպատերազմյան շրջանում Հայաստանի կառավարությունն իրականացրել է Արցախի բնակիչների աջակցության 15 ծրագիր, իսկ ներկայումս նախատեսում է սոցիալական աջակցությունից անցում կատարել զարգացման ծրագրերի:
Այս մասին նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ ծրագրերի հիմնական մասի իրականացումն այժմ ավարտված է, սակայն գերատեսչությունը նախատեսում է վերանայել և շարունակել որոշ միջոցառումներ:
Մասնավորապես, ծրագրերից մեկի շրջանակներում 4 ամիս շարունակ ամսական 68 հազար դրամի չափով օգնություն է ստացել ավելի քան 100 հազար մարդ, միջոցառման իրականացման համար հատկացվել է շուրջ 27 մլրդ դրամ:
«Ներկայումս մենք քննարկում ենք ծրագիրը վերանայված տեսքով շարունակելու հնարավորությունը և մի քանի օրից պարզ կդառնա, թե ինչ տարբերակով այն կշարունակվի», – հայտարարել Է նախարարը:
Նա նաև տեղեկացրել է, որ նախատեսվում է Արցախում ստեղծել 1000 սոցիալական բիզնես «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Մասնավորապես, 100 ջերմոցային տնտեսություն ստեղծելու մասին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնադրամի հետ։
Բացի այդ, նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել Արցախի Քաշաթաղի շրջանից տեղափոխված շուրջ 950 ընտանիքի (3600 մարդ)՝ բնակարաններով ապահովելու համար:
Ինչպես տեղեկացրել է Նարեկ Մկրտչյանը, ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն քաշաթաղցիները, ովքեր հիփոթեքային վարկ են ստացել բնակարան ձեռք բերելու, Հայաստանի մարզերում տուն կառուցելու, ինչպես նաև Արցախում բնակելի տուն կառուցելու համար: