Մենք հավատացած ենք, որ Լեռանային Ղարաբաղի կարգավիճակը պետք է կարգավորվի։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին։
«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք հասկանալ յուրաքանչյուր կողմի շահը, հետաքրքրությունը։ Շահերից մեկը տարածքային ամբողջականությունն է, բայց ԼՂ ժողովրդի ինքնորոշումը նույնպես հիմնարար սկզբունքներից մեկն է մնում, որը չի կարելի արհամարհել»,-հայտարարել է դեսպանը։
Նա նշել է, որ կարևոր էր, որ 2020 թվականի աշնանը մարտական գործողությունները կանգ առնեին՝ հաշվի առնելով մարդկային կորուստները, և այդ ժամանակ գոյություն ունեցող հակամարտության վիճակը։ «Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահները շարունակում են դերակատարում ունենալ հակամարտության կառավարման հարցում, որին ԱՄՆ-ն և Ֆրանսիան մասնակից չեն, բայց ապագայի տեսանկյունից կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը լինեն գործող անձինք։ Վերջին հաշվով կարևոր է, որ նրանք որոշում կայացնեն իրենց ապագայի վերաբերյալ»,-նշել է Թրեյսին՝ ընգծելով, որ կարևոր է, որ Հայաստանը՝ որպես պետություն, ինքնիշխան որոշումներ կատարի իր ապագայի համար։