Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով ամենածանր կորուստների շարքում մարդկային կորուստներն են։ Այս մասին ԱԺ-ում աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
Ինչպես ներկայացրեց Ղազարյանը՝ պատերազմի հետևանքով զոհվել է Արցախի 742 զինծառայող, Արցախի քաղաքացիություն ունեցող 45 զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած, սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, գերեվարման մեջ է 38 մարդ, 42 000 տեղահանված քաղաքացի կա, որոնցից 38 154-ը զրկվել է բնակարանից ու անշարժ գույքից։
«Տեղահանվածներից 15 000-ը գտնվում է Ստեփանակերտում, 5000-ը՝ Արցախի Հանրապետության շրջաններում»,- ասաց Արցախի ներկայացուցիչն ու հավելեց, որ նրանց ապահովելու համար առկա է 3000 պայմանագիր, իսկ 1960 մարդ ապրում է հյուրանոցներում։
Նա նշեց նաև, որ մինչև տարեվերջ Ստեփանակերտում կառուցվելու է 300 բնակարան տեղահանվածների համար։
Ներկայացնելով Ադրբեջանին անցած բնակավայրերը՝ Ղազարյանն ասաց, որ բնակավայրերը 192 են, որոնցից 185-ը գյուղ է, 7-ը՝ քաղաք։
Ինչ վերաբերում է քաղաքացիական ենթակառուցվածքների կրած կորուստներին, ապա գործող 36 ՀԷԿ-երից մնացել է ընդամենը 6-ը, իսկ հեռահաղորդակցության ենթակառուցվածքներից կրած վնասը կազմում է ավելի քան 42 600 000 դրամ։ 1226 տնտեսվարող սուբյեկտ է տուժել, որոնք գործունեություն են ծավալել Ադրբեջանի գրաված տարածքներում։ Վարելահողերի 75 տոկոսը մնացել է նույն տարածքներում։ Պատերազմի հետևանքով 2000-ից ավելի պատմամշակութային արժեք է վտանգված՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար, 127 դպրոցական գրադարան, 12 թանգարան՝ ավելի քան 20 000 նմուշներով։
Նշենք, որ Արցախում բնակարանաշինության խնդիրն Armenia Today-ին տված հարցազրույցում նախօրեին բարձրաձայնել էր նաև Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Նա ասել էր, որ տեղահանվածների թիվը մոտ 40 հազար է, նրանցից մոտ մեկ երրորդն Արցախում է, մնացածը` Հայաստանում: Բեգլարյանը շեշտել էր, որ նրանց ճնշող մեծամասնությունը ցանկանում է վերադառնալ Արցախ, սակայն հանրապետությունում չկան անվճար բնակարաններ՝ ներառյալ վարձակալությամբ տրվողներ:
«Ներկայումս Արցախում ապրում է մոտ 120 հազար մարդ, իսկ առկա բնակարանային ֆոնդը լիովին զբաղված է»,- ասել էր Բեգլարյանը՝ հավելելով, որ նախատեսվում է առաջիկա երեք տարիների ընթացքում ամբողջությամբ լուծել բնակարանային խնդիրը և բոլոր տեղահանվածներին վերադարձնել հանրապետություն: