Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր էջում շնորհավորել է ուսուցիչների մասնագիտական տոնի առթիվ։
Նա նշել է, որ պատերազմում զոհվել է 14 ուսուցիչ, կրթական համակարգի 2600 աշխատակից տեղահանվել է իրենց բնակավայրերից և զրկվել հարազատ կրթoջախում արժանապատիվ աշխատանքի իրավունքից, իրենց սաներին բնականոն և խաղաղ պայմաններում դաստիարակելու հնարավորությունից։
«Պատերազմի հետևանքով մի շարք դպրոցներում դասապրոցեսը կազմակերպվում է գերհագեցած դասարաններով՝ ուսուցիչներից պահանջելով հավելյալ ջանքեր՝ կրթական պրոցեսն արդյունավետ կազմակերպելու համար։
Այնուամենայնիվ, ուսուցիչն իր առաքելության նկատմամբ նվիրվածությունը վերստին ապացուցել է կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հեռավար ուսուցման շատ հաճախ խորթ հմտությունները յուրացնելու, ինչպես նաև պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածի հոգեբանական ծանր պայմաններում կրթական գործընթացը շարունակելու վճռականությամբ»,- գրել է Ստեփանյանը։