ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Հադրութի բնակիչները հանդիպել են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Արցախի պետնախարարի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ։ Այս մասին հայտնել են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի համար հավաքված հադրութցիները՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչ քննարկումներ են ունեցել։
Բնակիչների խոսքերով՝ որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք է բերվել, սակայն խնդիրներին որևէ հստակ լուծում չի տրվել։
Armenia Today-ի մյուս հարցին, թե որևէ պատասխան նամակ ստացե՞լ են դեսպանատներից, ուր բողոք էին ուղղել, հադրութցիները պատասխանեցին, որ որևէ պատասխան առայժմ չեն ստացել։
Նշենք, որ հադրութցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ բնակարանային ու կենցաղային հարցերի լուծման պահանջով։ Սա նրանց առաջին բողոքի ակցիան չէ։ Ավելի վաղ նրանք նույն բողոքով ՀՀ-ում գործող օտարերկրյա դիվանագիտական կառույցներին են դիմել։