ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է այսօր Մարտակերտում տեղի ունեցած դեպքին, երբ խաղաղ բնակիչը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ սպանվել էր ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցից։
«Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է:
Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքը՝ Արցախի հայ խաղաղ բնակչի սպանությունը, նրա կյանքի իրավունքի բացահայտ դիտավորությամբ անօրինական խախտում է:
Այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բնակչության կյանքի, անվտանգության ու խաղաղ ապրելու, մյուս կենսական իրավունքների երաշխավորում անհնար է ատելության և թշնամանքի ադրբեջանական խորքային քաղաքականության պայմաններում և նաև քանի դեռ նման հանցավոր արարքների համար պատժված չեն դրանք կատարողներն ու հայատյացությունը հովանավորող ադրբեջանական իշխանությունները»,-ասվում է հայտարարության մեջ:
Այսօր գրանցված միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ռազմական հենակետերը, որոնք տեղակայված են Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում, անհերքելի սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակիչների կյանքի և բնականոն կենսագործունեության համար։ Այս մասին էլ ասվում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարությունում:
«Ադրբեջանի կողմից Արցախում քաղաքացիական անձի դիտավորյալ սպանությունը նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմից խախտումների, իրականացվող սադրանքների և Արցախի ժողովրդի կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունների համար իրական պատասխատվության բացակայության արդյունք և հետևանք է։
Այս ընթացքում բազմիցս հայտարարել և ընդգծել ենք միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու գործուն մեխանիզմների անհրաժեշտությունը, համարելով, որ դա է իրական հնարավորությունն եւ արդյունավետ միջոցը միջադեպերի կրկնությունը կանխելու համար, քանի որ հստակ հասկանալի է, որ միջադեպերի առթիվ Արցախի իրավապահ մարմինների կողմից հարուցված գործերը կրում են ադրբեջանցիների հանցավոր արարքները արձանագրելու և դրանց քրեադատավարական գնահատական տալու բնույթ, սակայն դրանք չեն կարող բավարար արդյունք ապահովել, եթե «կյանքի իրավունքը» հարգելու պարտականություն ստանձնած Ադրբեջանը չհարգի այդ իրավունքը։
Այսօր գրանցված միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ռազմական հենակետերը, որոնք տեղակայված են Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում, անհերքելի սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակիչների կյանքի և բնականոն կենսագործունեության համար։ Ուստի նրանց անհապաղ հեռացումը միայն կարող է իրական անվտանգություն ապահովել խաղաղ քաղաքացիական բնակավայրերի համար»,-ասվում է հայտարարությունում։