Այսօր Արցախի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքներում ունենք մոտ 2000 օկուպացված հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար, 20 885 ցուցանմուշ, 617 հազար գիր ու գրականություն։ Այս մասին տեղեկացրեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ՀՀ ԱԺ-ում աշխատանքային քննարկման ժամանակ։
ԱՀ ԿԳՄՍ նախարարը ցավով արձանագրեց, որ Սղնախի գերեզմանատան վրայով ադրբեջանցիները ճանապարհ են կառուցել:
Նրա փոխանցմամբ՝ ավերված են Շուշիի Ղազանչեցոց, Կանաչ ժամ եկեղեցիները։
«Ներսում անհասկանալի շինարարություն կա, դեռ պարզ չէ ինչ է։ Ավերված է Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, Շուշիի հայոց Եղեռնի հիշատակի հուշարձանը, Սղնախի գերեզմանատունը, որի վրայով ճանապարհ են կառուցել։ Մենք ապրում ենք խիստ ծանր ժամանակներ, ողբերգության միջով ամեն օր անցնում ենք»,- տեղեկացրեց ԱՀ նախարարը:
Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ ռուս խաղաղապահները նաև վերահսկում են Դադիվանքը, որտեղ կա 6 հայ հոգևոր սպասավոր։ Նա նշեց, որ այս պահին ժամանակավոր դադարեցված է ուխտագնացությունները դեպի Դադիվանք։
Նախարարը, սակայն, հայտնեց, որ օրերս Մոսկվայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ ունեցած հանդիպումներից հետո ուխտագնացությունը կրկին սկսվելու է դեպի Դադիվանք։
Նախարարը մանրամասնեց, որ պատերազմի ժամանակ հոկտեմբերի 19-ին տարհանել են Ստեփանակերտի պատմաերկրագիտական արժեքավոր ֆոնդը։ Լուսինե Ղարախանյանը բացատրում է, որ շենքը վթարային էր, ու եթե որևէ հրթիռ պայթեր մոտակայքում՝ շենքը կարող էր փլուզվել։
44-օրյա պատերազմի օրերին նա կապվել է նաև Շուշիի պատմության թանգարանի տնօրենի և գորգերի թանգարանի տնօրենի հետ:
«Պարոն Ասատրյանը սկզբից չհամաձայնեց՝ ասելով, թե Շուշիում ապահով է։ Հոկտեմբերի 30-ին Վարդան Ասատրյանը ցանկություն հայտնեց, որ պետք է տարհանել գորգերի թանգարանը, բայց ցավոք, ցուցադրությունն է հաջողվել տարհանել: Տարհանել ենք Քաշաթաղի շրջանի դամբարանադաշտի ցուցանմուշները, Տիգրանակերտի թանգարանը»,- նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարը:
Աշխատանքային քննարկմանը Ղարախանյանը խոստովանեց՝ եղել են թերացումներ: Ըստ նրա, սակայն, որևէ մեկը չպետք է փորձի մեղավորներ փնտրել:
«Այո, եղել է թերացում, խուճապ, ոչ ճիշտ լրատվություն, որի հետ կապված էր Շուշիի արժեքները չտարհանելը։ Փոխարենը Շուշիի թանգարանի ՊՈԱԿ-ների տնօրենը փաթեթավորել էր ու ռմբապաստարաններում թաքցրել արժեքավոր ցուցանմուշները։ Հոկտեմբերի 30-ին, երբ մտածել ենք, որ ռեալ վտանգ կա, խիստ վտանգավոր է եղել այնտեղ մարդ ուղարկելը։ Արցախի գորգերը խիստ վտանգավոր պայմաններում են տարհանվել։ Մենք տարհանել ենք Բերձորի պատմահնագիտական թանգարանը, հիշատակության արժանի Քաշաթաղի ու Շահումյանի շրջանի խաչքարերը: Նոյեմբերի 17-ից հետո ռուս խաղաղապահների հետ փորձել են ռմբապաստարաններում թաքցրած գույքը հետ բերել։ Փորձել են նաև փոխանակման մեխանիզմը, որը չի հաջողվել»,- եզրափակեց բանախոսը: