Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Արցախի ՊԲ-ն:
«Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը կեսգիշերին կարգավորվել է. հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: