Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում, դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։
Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։
Արցախի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։
Կրկին անգամ ընդգծում ենք, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։ Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը կեսգիշերին կարգավորվել է. հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: