Այսօր առավոտյան ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել ենք երեկվա ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տեղում տվել եմ համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար:
Տղերքի բարոյահոգեբանական վիճակն ամուր է, և, համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները:
Առողջություն բոլորին»,- մանրամասնել է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը կեսգիշերին կարգավորվել է. հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: