Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանն այցելել է հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:
Զինվորական բժիշկները հավաստիացրել են Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարին, որ վիրավորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների և ժամանակ անց նրանք հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ծառայողական պարտականություններին:
Հավելենք նաև, որ գեներալ-մայոր Վարդանյանն այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը կեսգիշերին կարգավորվել է. հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: