Արցախը հայկական է եղել հազարամյակներ շարունակ և այդպիսին կմնա մեր ժողովրդի վճռականության ու տոկունության և մեր բարեկամների աջակցության շնորհիվ: Այս մասին ИА РЕГНУМ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Խոսելով հետպատերազմյան վերականգնման մասին՝ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Արցախում արդեն լիարժեք գործում են պատերազմի ժամանակ վնասված դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, բուժկետերը, մնացել է մի շարք խոշոր ենթակառուցվածքային վնասների վերականգնումը:
«Հիմա հանրապետությունում ամենասուրը բնակարանային խնդիրն է, մենք ունենք մոտ 40 հազար հարկադիր վերաբնակներ, դա մեր բնակչության մոտ 27 տոկոսն է։ Նրանց բնակարաններով ապահովելը Արցախի իշխանությունների հիմնական խնդիրն է, իհարկե, այն բանից հետո, երբ կլուծվեն անվտանգային հարցերը։ Ստեփանակերտում և շրջաններում սկսվել են խոշոր շինարարական նախագծեր, և արդեն մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն բազմաբնակարան բնակելի շենքեր և առանձնատներ: Մենք նախատեսում ենք երեք տարվա ընթացքում կառուցել կամ ձեռք բերել 6000-ից ավելի բնակարան, բայց մեզ դեռևս անհրաժեշտ է զգալի աջակցություն այդ հարցի լուծման համար»,- ասել է Բեգլարյանը։
Ըստ պետնախարարի՝ մեկ այլ լուրջ խնդիր է չպայթած զինամթերքի վնասազերծումը։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ զգալի աշխատանք է տարվել նաև պետական կառույցների, ռուս խաղաղապահների, մասնավոր մասնագիտացված խմբերի կողմից:
«Մյուս խնդիրը պատերազմի հետևանքով առաջացած նյութական հսկայական կորուստներն են, որոնք սոցիալական շոշափելի խնդիրներ են ստեղծել տասնյակ հազարավոր մարդկանց համար։ Արցախի կառավարությունն արդեն սկսել է աջակցություն ցուցաբերել նյութական վնասի փոխհատուցման հարցում, որը, մեր գնահատականներով, կկազմի մոտ 5 մլրդ ռուբլի, սակայն պետք է հստակեցնել, որ դա վնասի իրական չափը չէ: Մենք ոչ թե փոխհատուցում ենք վնասը, այլ աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի մարդիկ կարողանան հաղթահարել առկա դժվարությունները և ոտքի կանգնել։ Աշխատատեղերի ստեղծումը միշտ եղել է մեր կառավարության գերակա խնդիրը։ 44-օրյա պատերազմից հետո այս ոլորտում իրավիճակը վատացել է, քանի որ հարկադիր վերաբնակների մեծ մասը մնացել է առանց աշխատանքի։ Իրականացվում են զբաղվածության ապահովման մի շարք կոնկրետ ծրագրեր՝ խթանելով շինարարության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտներում աշխատանքները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Պատասխանելով հարկադիր վերաբնակների մասին հարցին՝ Բեգլարյանը նշել է, որ պատերազմից հետո Արցախ է վերադարձել կամ տեղում մնացել մոտ 120 հազար բնակիչ։
«Կարծում եմ ՝ սա տեղի բնակչության մեծ վստահության լավագույն ցուցանիշն է, առաջին հերթին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի նկատմամբ։ «Սա վկայում է նաև մեր ժողովրդի վճռականության և կամքի մասին՝ նույնիսկ նման բարդ պայմաններում ապրելու և արարելու իրենց հայրենիքում»,- ընդգծեց պետնախարարը՝ հավելելով, որ հակառակ ադրբեջանական կողմի բոլոր ջանքերին, հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին, ռազմական և հոգեբանական ճնշումներին, միգրացիայի սալտոն դրական է մնում՝ Հայաստանում ժամանակավոր բնակվող բռնի տեղահանվածների մեծ մասը ցանկանում է վերադառնալ Արցախ, բայց չի կարող դա անել ազատ բնակարանի բացակայության պատճառով:
«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կլինի 4 տարի հետո, այսինքն՝ տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտից հետո, հատկապես ժողովրդագրական իրավիճակի և հետագա գործողությունների հարցում, ապա մեր նպատակն է այս ընթացքում լուծել բոլոր հարկադիր վերաբնակների բնակարանային խնդիրները և վերադարձնել նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Նախնական կանխատեսումների համաձայն՝ բնակչության թվաքանակը կկազմի 135-140 հազար մարդ։
«Սակայն ես համոզված եմ, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կերկարաձգվի, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ, իսկ Ադրբեջանը շարունակում է Արցախից հայերի վտարման իր քաղաքականությունը։ Ուստի, քանի դեռ առկա է Արցախի ցեղասպանության սպառնալիքը և խաղաղապահներից անվտանգության երկարաժամկետ ու ամուր երաշխիքներ ստանալու մեր ժողովրդի միահամուռ ցանկությունը, ես կարծում եմ, որ նրանց դուրսբերման հարցը պետք չէ նույնիսկ քննարկել»,- ասել է Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ Արցախը պատրաստ է հակամարտության քաղաքական կարգավորմանը «մեր իրավունքների և շահերի լիակատար հարգմամբ և անվերապահ պայմանով, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»:
«Տեսնելով ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու գործողությունները, նրանց մոտ տիրող հակահայկական տրամադրությունները, մենք հասկանում ենք, որ հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը հնարավոր է միայն տասնամյակներ անց»,- ասել է Արցախի պետնախարարը:
Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության հեռանկարների մասին հարցին ի պատասխան՝ Բեգլարյանը նշել է, որ Ադրբեջանը կրկին անում է ամեն ինչ, որպեսզի խափանի նախագիծը՝ քաղաքականացնելով այդ կարևոր հումանիտար հարցը:
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի ակտիվ և կառուցողական դերի շնորհիվ տեսանելի ապագայում կհաջողվի վերաբացել Ստեփանակերտի օդանավակայանը»,- ասել է նա:
Արտակ Բեգլարյանը նաև ասել է, որ Բաքուն շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարման քաղաքականությունը և ռազմատենչ ու հակահայկական հռետորաբանությունը: Միաժամանակ, ըստ նրա, շարունակվում է Արցախի գրավյալ տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության վանդալիզմն ու ոչնչացումը։
«Ադրբեջանական կողմը ոչնչացնում է ոչ միայն հայկական եկեղեցիները, խաչքարերն ու գերեզմանները, այլև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, ԽՍՀՄ հերոսների արձանները, ինչը հանցավոր արարք է նաև ռուս ժողովրդի դեմ»,- ընդգծել է Արցախի պետնախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանում հայատյացությունը մինչ օրս մնում է պետական գաղափարախոսություն, և այդ հարցում որևէ փոփոխություն չկա:
«Ռուսաստանը, բացի Հայաստանից, միակ պետությունն է, որն ուղիղ և անմիջական մարդասիրական օգնություն է ցուցաբերում Արցախի ժողովրդին։ Մյուս բոլոր երկրները միջնորդավորված աջակցություն են ցուցաբերել՝ հիմնականում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, և նրանց աջակցության ծավալներն անհամեմատ փոքր են։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման լայնածավալ աշխատանքներին, ինչը փրկում է բազմաթիվ կյանքեր: Ես շատ լավ գիտեմ այդ աշխատանքների իրական արժեքը, քանի որ մանկության տարիներին կորցրել եմ տեսողությունս 1990-ականների պատերազմից հետո մնացած ադրբեջանական ականի պայթյունի պատճառով։ Մինչ օրս Ռուսաստանը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Արցախ, ինչի համար մենք անկեղծորեն շնորհակալ ենք նրան։ Սակայն, քանի որ մեր բնակչության մարդասիրական պահանջներն ու զարգացման պահանջմունքները շատ ավելին են, քան Հայաստանի Հանրապետության, հայկական սփյուռքի, Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի կողմից տրամադրվող աջակցությունը, չափազանց կարևոր է, որպեսզի ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունները գործունեություն ծավալեն Արցախում՝ չենթարկվելով Ադրբեջանի կողմից անհիմն ճնշումներին և սպառնալիքներին: Ի դեպ, հիշեցնեմ, որ հրադադարի մասին եռակողմ հայտարարության մեջ հատուկ կետ կար նրանց գործունեության մասին, բայց մինչ օրս այն չի իրականացվել Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների պատճառով»,- եզրափակել է Բեգլարյանը։