Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցու Ամարաս վանք են ուղեկցել ավելի քան 50 ուխտավորների՝ Ստեփանակերտ քաղաքից դեպի Արցախի Մարտունու շրջան և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ամարասի վանք են ժամանել ավելի քան 50 ուխտավորներ։ Նրանց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Բացի այդ, տարածաշրջանում պատմական և մշակութային արժեքների պահպանման համար ռուս զինծառայողները մշտապես հերթապահում են վանական համալիրի հարակից տարածքում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Կալինինը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ժամանակակից զրահամեքենաների ուղեկցությամբ ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: