Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում էլ այդ աշխատանքը երբեք չի դադարել։
«Այս ընթացքում Արցախի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, հաջողվել է Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ շատ կոնկրետ աշխատանքներ իրականացնել: Իհարկե, մենք չենք համարում, թե այն, ինչ արված է, գոհացուցիչ է, և մենք, բնականաբար, պետք է շարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ զուտ աջակցության ծրագրերը, ինչպես բազմիցս խոսել ենք, փոխարինելով զարգացման ծրագրերով»,- արձանագրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է՝ կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ շեշտել է, որ Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել, և Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն մենք շարունակում ենք պահպանել, և միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է որպես միջնորդ լինել, և օրակարգում Ղարաբաղյան խնդրի լուծման առումով հիմքում դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:
«Երկրորդը՝ ուզում եմ նշել, որ արդեն լայնածավալ աշխատանքների արդյունքում առաջին պտուղներն ենք քաղում, և ընդամենը օրերի ընթացքում՝ մինչև տարեվերջ, առնվազն 300 բնակարան միայն Ստեփանակերտ քաղաքում կհանձնենք շահագործման: Նորակառույց բնակարանների մասին է խոսքը: Իհարկե, մի մասը մինչ պատերազմը սկսված շինարարությունն է, բայց մեզ հաջողվել է, դրանից բացի, հազարավոր բնակարանների հիմքեր դնել այսօր, և մինչև եկող տարվա վերջ առնվազն 2500-3000 բնակարան ավարտած կլինենք: Առաջին հերթին՝ Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարների շրջանակում – իհարկե, գումարները ոչ միայն շինարարության համար են տրվում, այլև Արցախի բնականոն կյանքը, սոցիալական ծրագրերն իրականացնելու համար – և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակած գումարներով՝ տարբեր ծրագրերի, բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այսինքն՝ առաջին 300 ընտանիքը մինչև այս տարեվերջ, մինչև Նոր տարի, կունենա իր օջախը, և դա ամենակարևորն է Արցախի ժողովրդագրական խնդիրը լուծելու առումով»,-ասել է նա։
Նա նաև նշել է, որ Հայաստանի՝ 2022 թվականի պետական բյուջեում արտացոլվել է բավական մեծ գումար, որը թույլ է տալու Արցախի կողմից վերականգնվող տնտեսության հաշվին մուտքագրված գումարներով ևս միասին լուծել բոլոր խնդիրները: Կարճ ժամանակահատվածում՝ 2-3 տարվա ընթացքում, համոզված եմ, ամբողջությամբ կլուծենք բնակարանային և անհրաժեշտ մնացած ենթակառուցվածքային և սոցիալական խնդիրները: