Այս մեկ տարին հայ ազգի համար լեցուն էր բազմաթիվ հակասական զգացողություններով ու գործողություններով, բայց ամենակարևորը կհամարեի արցախցիների վճռականությունը վերադառնալ Հայրենիք և երկարատև պայքարով ոտքի կանգնեցնել այն: Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմից քաղած դասերի մասին։
«Չնայած իրավիճակի ծանրությանը ու հոգեբանական դժվարություններին՝ ինչպես շատերը, ես էլ առաջին օրվանից լծվել եմ այդ սուրբ գործին՝ իմ բաժին խաչը վերցնելով գործադիր իշխանությունում պատասխանատվություն ստանձնելու միջոցով:
Հուսամ՝ առաջիկայում կհասցնեմ մի համապարփակ հոդվածով անդրադառնալ մեր ներկային ու ապագայի տեսլականին և անելիքներին, սակայն հակիրճ նշեմ այն հինգ հենասյուներն ու որակները, որոնց վրա պետք է կառուցենք Արցախի երկարաժամկետ ապագան:
• Հինգ հիմնական հենասյուները՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում:
• Հինգ հիմնական որակները, որոնցով պետք է առաջնորդվենք ազգովի՝ ինքնավերլուծություն, միասնականություն, հետևողականություն, ռազմավարական մտածողություն և ծառայողական մտածողություն:
Սուգն ավարտված է, և զոհված հերոսների հիշատակը հարգելու ու հավերժացնելու լավագույն ձևը նրանց դավանած արժեքներին անմնացորդ ծառայելն է: Մենք կարող և պարտավոր ենք ապահովել Արցախի հայկական ապագան և հասնել սեփական Հայրենիքում մեր իրավունքների, ազատությունների, արժեքների ու արժանապատվության անվերապահ ճանաչմանն ու հարգմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: