Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խիստ պահպանման և բոլոր գերիներին ազատ արձակելու կոչ է արել: Այս մասին ասվում է հրադադարի տարեդարձի կապակցությամբ Միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հղած հայտարարության։
«Չնայած ռազմական գործողությունները դադարել են, չլուծված շատ հարցեր դեռևս լուծման կարիք ունեն, որպեսզի առաջ շարժվեն համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում, մասնավորապես, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին, լիարժեք համագործակցել սահմանամերձ շրջաններում ականազերծման և լարվածության թուլացման ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է աջակցել խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասին և ակտիվորեն մասնակցում է խաղաղության ամրապնդմանը և հետկոնֆլիկտային վերականգնմանը: Հայտարարության համաձայն՝ Միությունը կարևոր դեր է խաղացել գերիների ազատ արձակման և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործում: ԵՄ-ն նաև աջակցություն է ցուցաբերել հակամարտության հետևանքով տուժածներին՝ ավելի քան 17 մլն եվրո տրամադրելով հումանիտար օգնության, այդ թվում ՝ ականազերծման և շուտափույթ վերականգնման համար: ԵՄ-ն նաև պատրաստ է աջակցել սահմանների ապաէսկալացմանը և դելիմիտացիային ՝ կողմերին անհրաժեշտ տեխնիկական օգնություն տրամադրելու միջոցով և խրախուսում է Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության վերսկսումը, նշվում է հայտարարության մեջ:
Ընդգծվում է համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, որպեսզի վերջ դրվի հակամարտության ավելի քան երեք տասնամյակներին: «Այդ նպատակին հասնելու համար ԵՄ-ն կշարունակի ակտիվ շփումներ պահպանել համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև լիովին աջակցում է նրանց՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ բոլոր չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատելու միջոցով իրենց մանդատը կատարելու հարցում», – ասված է հայտարարության մեջ: