Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերականգնման հարցում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Պաշտոնական Բաքուն պատրաստ է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում, և կողմերը ակտիվ երկխոսություն են վարում տարածաշրջանում տեխնիկական առաքելություն ուղարկելու նպատակով»,- հայտարարել է Բայրամովը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումների ժամանակ:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի՝ կողմերը համաձայնեցրել են մի շարք բարդ տեխնիկական, իրավաբանական և քաղաքական հարցեր, որոնք կապահովեն առաքելության արդյունավետությունը։
Միաժամանակ, նախարարը հայտարարել է, որ հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը պատշաճ ձևով վերականգնում է բոլոր մշակութային և կրոնական հուշարձանները այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: