Armenia Today-ը ներկայացնում է օրվա մամուլի ուշագրավ հրապարակումները.
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին լրացել է Արարատի մարզի մի շարք համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը, իշխանությունը վտանգավոր համայնքներում յուրայիններին նշանակել է ԺՊ-ներ, որ վարչական լծակները դեկտեմբերի 5-ի ընտրություններին օգտագործեն հօգուտ ՔՊ-ի։
Նախ չեզոքացրել են Գարիկ Սարգսյանի հիմնական մրցակցին՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանին, որն առաջադրվել է Վեդիում «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով։
Թարթիկյանի փոխարեն ԺՊ են նշանակել նախկին համայնքապետին, որի կինը դպրոցի տնօրենն է։ Վեդիում դեռ չեն նշանակել, թեկնածուն երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդին է: Իսկ Հակոբյանը Ֆիրդուս Զաքարյանի կուսակցության անդամ է։ Զաքարյանն Արարատի թեկնածուներից է: Լրացել է նաև Ոսկետափի, Այգեվանի, Դաշտաքարի համայնքապետերի ժամկետը, սակայն այստեղ վտանգ չեն տեսնում` նրանք դեռ կմնան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապարանում առաջադրվել է 2 ուժ․ ՔՊ-ն առաջադրել է երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական, «Ապարան գրուպ»-ի տեր Էդգար Փարվանյանին, որի մրցակիցը գործող համայնքապետ, «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանն է։
Նա առաջադրվել է «Եղիազարյան դաշինքով», որի կազմում են Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» ու «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունները։ Սակայն Եղիազարյանը և երկրորդ համարն անկուսակցականներ են, և նրանց աջակցում են տեղի ընդդիմադիրները, ուստի, ընտրության արդյունքներից կախված, կարող է հրաժարվեն իշխանամերձ ուժերի հետ համագործակցությունից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով կներդվի էլեկտրոնային ուսուցման համակարգ: Խոսքը մենթոր դպրոցների մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս մասին որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրել: Այսինքն՝ կիրականացվի հեռավար էլեկտրոնային դասավանդում այն երեխաների համար, որոնք ապրում են հեռավոր կամ սահմանամերձ գյուղերում, քաղաքներում և չունեն տվյալ առարկաները դասավանդող ուսուցիչներ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղական դպրոցների մասին է. քաղաքային ուսուցիչ գտնելու դժվարության մասին են խոսում նաև երևանյան դպրոցների տնօրենները։ Տեղեկացնենք, որ 18 մենթոր դպրոցների ուսուցիչներ արդեն սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարում այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս:
Ի դեպ, մենթոր դպրոցների ցանկում, որոնք, համագործակցելով իրենց կցագրված դպրոցներին, իրականացնելու են էլեկտրոնային դասեր, ներառված են դպրոցներ Երևանից, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերից»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ չնայած «ադրբեջանական կողմը դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում՝ ճանապարհից օգտվելու համար, բնականաբար՝ նաև անձնագրերի ստուգում»:
Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, և ՀՀ քաղաքացիները չեն կարող իրենց անձնագրերով հատել սահմանը, որքան էլ զավեշտալի է հնչում` դրա համար Ադրբեջանը նաև մուտքի վիզա կարող է պահանջել։
Նույն հիմնավորմամբ էլ Իրանից բեռնափոխադրումները կարող են թույլ չտալ։ Այս հարցերը կարգավորելու համար պետք է պետություն ունենալ, բայց եթե ունենայինք, այդ մաքսակետն ուղղակի չէր հայտնվի Սյունիքում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախատեսվում է անցկացնել ամենամյա համահայկական դրամահավաքը՝ Տելեթոնը, որի ընթացքում Հայաստանում, Արցախում և հատկապես Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նվիրատվություն են անում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարի հավանական է դրամահավաքն անցկացվի բացառապես Արցախի համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Սփյուռքում, դժգոհ լինելով հայաստանյան իշխանությունների գործունեությունից, տարբերակներ են փնտրում ուղիղ Արցախին օգնելու համար։
Թերթի հետ զրույցում Սփյուռքում դրամահավաքի կազմակերպչական հարցերով զբաղվողներից մեկը նշել է, որ սա արվում է վիրավոր Արցախը վերականգնելու և արցախցիների խնդիրները լուծելու համար: Նա նաև նշել է, որ հայաստանյան իշխանություններն իրենց վարքագծով և գործունեությամբ Սփյուռքում չունեն աջակցություն, սատարում, առավել ևս՝ վստահություն։ Մեր զրուցակցի խոսքերով, Սփյուռքում նաև խոր կասկածներ ունեն 44-օրյա պատերազմի օրերին հանգանակված ու Հայաստան ուղարկված գումարների և ապրանքների ճակատագրի հետ կապված: Ի դեպ, մեր տեղեկություններով, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, այցի շրջանակներում նաև այս հարցերով է զբաղված»։