«Խոսենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Փորձագետի հետ Armenia Today-ի թղթակիցը քննարկել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները, մասնավորապես, թե ադրբեջանական կողմից ինչ խնդիրներ են լուծվել նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում, պատերազմից հետո Ադրբեջանում ատելության և հայատյացության քարոզչության հետ կապված իրավիճակը, Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների սրումը, Թուրքիայից Բաքվի կախվածության կտրուկ ուժեղացումը:
-Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանի Ադրբեջանի ագրեսիվությունը և ի՞նչ նպատակներ է նա հետապնդում՝ մասնավորապես նոյեմբերի 16-ին ձեռնարկելով հարձակում մեր արևելյան սահմանների ուղղությամբ:
-Իրականում Ադրբեջանը ոտնձգություններ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սկսել է իրագործել մայիսի 12-ին: Եթե հիշում եք, Սև լճի տարածքում դա տեղի ունեցավ: Դրանից հետո լարվածություն տարածվեց նաև Գեղարքունիքում և Երասխում: Այդ ժամանակահատվածում մենք ունեցել ենք բավականին դիպուկային գնահատականներ միջազգային հանրության կողմից: Դա գնահատվել է որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ներխուժում:
Ցավոք, Հայաստանի Անվտանգության խորհրդի մայիսի 27-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետը առաջարկեց սահմաններից հայելային հետ քաշման դրույթ, որը մի կողմից թվում էր՝ նպատակ ունի թոթափել լարվածությունը, բայց իրականում ավելի մեծացրեց Բաքվի ախորժակը: Բաքուն չի թաքցնում իր նպատակները, այդ առումով պետք է խոստովանեմ, որ Ալիևը և Էրդողանը շատ անկեղծ են և հստակ ասում են, թե որ գործողությունից հետո ինչ քայլ է հաջորդելու: Անում են դա հայտարարություններով և հետո դիմում գործողությունների:
Օրինակ՝ վերջին լարվածության նախորեին՝ նոյեմբերի 8-ին, օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահը հերթական հակահայկական և նաև սպառնալիքներով լի ելույթներ ունեցավ, որ կրկին բռունք ցույց կտա Հայաստանին, որ ունենալու են «միջանցք» և այլ հայտարարություններ: Դրա մասին, ընդ որում, խոսել էին Ստամբուլում կայացած թուրքական պետությունների հետ կայացած գագաթնաժողովի ժամանակ:
Եվ ահա, փորձում են դա իրագործել այս ճանապարհով, ցավոք սրտի, անհրաժեշտ դիմադրություն չհանդիպելով: Այսինքն՝ մի կողմից դիմադրում է հայ զինվորը, հայոց բանակը կռվում է, բայց, մյուս կողմից՝ դա պետք է բավականին ամուր դիվանագիտական դիրքորոշմամբ ամրագրվի:
Տեսեք, որ այդ հայելային հետ քաշման հայտարարությունից հետո ամիսներ անց նույն դեպքերի հետ կապված մենք շատ ավելի լղոզված հայտարարություններ ունեցանք, հենց նույն ԱՄՆ-ից և տարբեր այլ ուժային կենտրոններից: Դա, ցավոք, մեր սխալների հետևանքն է:
-Ձեր կարծիքով, հակահայկական քարոզչության առումով ինչպիսի՞ն է իրավիճակը Ադրբեջանում պատերազմից հետո: Արդյո՞ք այդ վիճակը թույլ է տալիս, որ մենք խաղաղ պայմանագիր կնքենք Բաքվի հետ:
-Խաղաղություն ասվածի տակ, թե հանրային առումով, չգիտեմ, իշխանությունների քաղաքականության մեջ արդեն ինքս եմ շփոթվել, թեև նախկինում եղել եմ իշխանության մեջ: Բայց առնվազն հանրային առումով շատ տարբեր ընկալումներ կան այդ քաղաքականության մասին: Այսօր շարունակվում են ոտնձգությունները ռազմագերիների նկատմամբ, այդ կադրերը տեղադրվում են կայքերում, այսինքն՝ հսկայական ճնշում են գործադրում մեր հանրության վրա:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը պետական մակարդակով ատելություն է քարոզում հայ ժողովրդի նկատմամբ: Այստեղ շատ կարևոր է նշել, որ չենք կարող ասել, որ հայ հանրության մեջ չկա այդ բացասական վերաբերմունքնադրբեջանցիների նկատմամբ, որովհետև պատերազմի միջով ենք անցել, ցավ ենք տեսել, այսինքն՝ դա մարդկային է, բայց պետական մակարդակով երբեք, ոչ մի իշխանության օրոք Ադրբեջանի ժողովրդի դեմ չի քարոզվել ատելություն, այսինքն՝ չի եղել այդպիսի բան, և այդտեղ հավասարության նշան դնելն ուղղակի հանցագործություն է:
Ադրբեջանում պետական, նախագահի մակարդակով ասվել է, որ մեր թիվ մեկ թշնամին հայն է: Եվ այս պայմաններում որևէ իրական խաղաղության մասին խոսել հնարավոր չէ: Ցավոք, դա հնարավոր չի եղել նաև նախորդիվ, որովհետև մի կողմից եղել են խաղաղության առաջարկներ սեղանին, 30 տարի ընթացել են բանակցություններ: Նույն Ալիևը, եթե ուզեր խաղաղության գնար, ապա կգնար այդ առաջարկների լուծմանը: Այսինքն՝ մաքսիմալիստական դիրքորոշումները մի կողմ էին թողնվում և փոխզիջումային լուծում էր ձեռք բերվում:
Հայկական կողմը քիչ թե շատ ստանում էր այն, ինչ ինքն էր մտածում, ադրբեջանական կողմը, իր որակմամբ, իր տարածքները վերադարձնում էր, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես իրենք են ասում, վերականգնում էր: Սա էր տրամաբանությունը: Եվ սա չաշխատեց պաշտոնական Բաքվի քաղաքականության արդյունքում:
Ի՞նչը պետք է հարկադրի Ալիևին այժմ գնալ խաղաղության այն պայմաններում, երբ չի հանդիպում անհրաժեշտ դիմադրության: Ես միշտ համեմատում եմ այս իրավիճակը 1994 թվականի հրադադարի հետ: Այդ ժամանակ Ադրբեջանը ավելի շատ ծանր պարտություն էր կրել և թվում էր, թե պետք է այդ իրավիճակում իրենք գնային խաղաղության և փորձեին այս խնդիրը փակել: Բայց իրենք գտան իրենց մեջ այնքան ուժ և դիմադրողականություն, որ ոչ միայն դիմագրավեցին դիվանագիտական դաշտում, այլև հետո ռազմի դաշտում: Եվ մենք պատերազմից ընդամենը մեկ տարի անց պետական մակարդակով խոսում ենք բոլոր հնարավոր զիջումների մասին, և դա տարածվում է հանրության վրա: Եվ դրա մասին խոսում են պետության ղեկավարները, այն մարդիկ, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից: Սակայն այս պարագայում, ես վստահ եմ, հայ ժողովուրդը չի ընտրել նոր պարտություն և նոր ձախողում, հայ ժողովուրդը ուղղակի հավատացել է այդ մարդկանց: Մտածել են, որ իրենք նախորդ իշխանության համեմատ կոռումպացված չեն, ավելի հստակ ծառայում են ՀՀ-ի շահերին, և ընտրել են նրանց: Այժմ իրենք իրենց նույն մակարդակով խոսում են նրա մասին, որ կարող են 40 կիլոմետրանոց տարածքը, որը Ադրբեջանը վերցրել է, փոխանակել, այսպես կոչված, անկլավների հետ:
Մի՞թե սա կարող է պետության դիրքորոշում լինել: Այսինքն՝ քո մի տարածքի մասը վաճառքի ես հանում քո մյուս տարածքի հատվածի հետ: Ինձ համար սա ուղղակի անթույլատրելի քաղաքականություն է:
Եթե նախորդիվ իշխանության մեջ եղած ժամանակ փորձում էինք, մտածում էինք, որ մարդկային առումով հոգեբանորեն ծանր է պարտությունից հետո, կարելի է փորձել ինչ-որ մի բան անել, բայց այդ պարտվողական քաղաքականության հետ վստահ եմ, որ ես և բազմաթիվ այլ քաղաքացիներ, չենք կարող համակերպվել: Դրա համար չեն քաղաքացիները հավատացել հեղափողությանը, դրա համար չեն 2021 թվականի հուլիսին կրկին ընտրել Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ է իրենց թվում, որ իրենց տրված է մանդատ նման ոչ դիմադրողական և անկարող քաղաքականություն վարելու համար: Կներեք, բայց մենք ազգովի չենք կոտորվել և, ի վերջո, մեր զինվորները պայքարել են նրա համար, որ Արցախում հայ մարդ ապրի, որ Սյունիքին վտանգ չսպառնի և կյանք են տվել դրա համար: Եվ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր ապրած կյանքով դա իրագործել, ոչ թե համակերպվել և հետքայլի միջոցով ասել, որ խաղաղություն է կառուցում: Խաղաղությունը միայն Ադրբեջանը կկառուցի այս քաղաքականության հետևանքով ամբողջությամբ՝ իր վերահսկողության տակ վերցնելով Հայաստանի ստրատեգիական կետերը՝ լինի դա միջպետական ճանապարհ, թե բարձունք: Այս ճանապարհով, իհարկե, Ադրբեջանի համար կարող է խաղաղության դարաշրջան բացվել:
-Վերջին շրջանում նկատվում էր Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում սրացում, հետագայում կողմերը հայտարարեցին, որ հարթվել են տարաձայնությունները: Արդյո՞ք այդպես է, իրո՞ք հարթվել է:
-Գիտեք, շատ հետաքրքիր հարաբերություններ կան Բաքվի և Թեհրանի միջև: Այս լարվածության նախերգանքը ես համարում եմ, որ եղել է, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ, որին մասնակցում էին Ալիևը և Էրդողանը: Այնտեղ Էրդողանը հանդես եկավ հայտնի քառատողով, որը մեծ աղմուկ բարձրացրեց և այն ժամանակ դա Իրանում պաշտոնական արձագանք գտավ: Դրանով փաստացի տարածքային հավակնություններ են ներկայացվում Իրանի, այսպես կոչված, «ադրբեջանական տարածքների» նկատմամբ: Իրանը, իհարկե, դրան շատ կոշտ արձագանքեց:
Հետո եղավ այլ բնույթի լարվածություն: Այս միջանցքի մասին խոսակցությունները հարկադրեցին Իրանին գնալ գործողությունների:
Բնականաբար, պետք է լավ գիտակցենք, որ մեր ցանկացած դաշնակցի նպատակը ոչ թե մեզ պաշտպանելն է, այլ գործել՝ ելնելով իր շահերից: Իրանի համար կարևոր է, որպեսզի տապալվի թուրքական աշխարհի այդ ծրագիրը, որովհետև դա ուղղակի սպառնալիք է նաև Իրանի համար՝ հաշվի առնելով, որ այն բազմազգ պետություն է, և տարբեր խնդիրներ կան: Այսինքն՝ դա Իրանի համար անվտանգային սպառնալիք կարող է դառնալ:
Եթե ուշադիր հետևենք նոյեմբերի 16-ին ծավալված վերջին դեպքերի խրոնոլոգիային, ապա մամուլում հայտնված տեղեկություններով՝ տեղի ունեցավ Իրանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որտեղ Իրանը կրկին շեշտեց, որ թույլ չի տա աշխարհագրական սահմանների փոփոխություն Հարավային Կովկասում:
Մենք միշտ հարցնում ենք, թե ինչո՞ւ է Իրանը ողջունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Իրանը նաև հստակ ունի իր կարմիր գծերը: Այսինքն՝ մենք չենք կարող մեր դաշնակիցներից ակնկալել, որ իրենք մեր պետական շահը մեզանից շատ պաշտպանեն: Նման բան չի լինելու: Իրենք ուղղակի մեզ հետ աշխատում են, որովհետև դա նաև բխում է իրենց շահերից, և դրանից հետո, ռուսական կողմի միջնորդությամբ, ընդհանուր դադարեցվեցին ռազմական գործողությունները, իսկ այս պահին հրադադար է, բայց ցավոք սրտի, ես վստահ չեմ, որ դա երկար է տևելու՝ իմանալով և՛ Ադրբեջանի գործելաոճը, և՛ հնարավոր գործողությունները:
-Ձեր կարծիքով՝ արցախյան վերջին պատերազմից հետո ինչքանո՞վ են ամրապնդվել Ադրբեջանում իշխող ուժի դիրքերը:
-Բավականին ամրապնդվել են: Իլհամ Ալիևն ունի իր երկրում ժողովրդավարություն: Պետք է ասել՝ այնտեղ մարդիկ ասում են, որ վերջապես նա արեց այդ գործողությունները: Բայց շատ հետաքրքիր բաներ են այնտեղ կատարվում, օրինակ՝ Ալիևը թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական օլիգարխիան որևէ միջամտություն ունենա, իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում տնտեսական ներդրումներ անելու տեսանկյունից: Նաև Ալիևը և իր ընտանիքը սեփականացնում են ռազմական վերջին հաջողությունը: Եթե մենք ունեինք առաջին պատերազմի հաղթանակի սիմվոլներ, ապա այժմ Ադրբեջանում հաղթանակի միակ սիմվոլըն Իլհամ Ալիևն է (ինչպես նաև Թուրքիայի և թուրքական ռազմական ղեկավարությունը) և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը ուղեկցում է նրան բոլոր հանդիպումների ընթացքում: Ընդ որում, դա չի անում նրա որդին, քանի որ տարբեր պատճառներ են նշվում, ընդհուպ մինչև առողջական խնդիրներ: Բայց կինը կամուֆլյաժ հագած ֆորմայով ամենուրեք նրա կողքին է:
Ադրբեջանի ներսում կա այդ խնդիրը, թե ում է ծառայեցվում այս հաղթանակը, ինչ է շահում Ադրբեջանի ժողովուրդը այս հաղթանակից: Եթե բարոյական բավարվածություն՝ սա մեկ բան է, բայց մյուս կողմից՝ հարց կա, որը բարձրացնում են ընդդիմության շրջանակները, այնքանով, որքանով մնացել են, իհարկե, Ադրբեջանում, որ Ալիևը օգտագործում է այս ռազմական հաջողությունն իր կոռումպացվածության խորացման համար; Այսինքն՝ երբ կառուցվում է օդանավակայան Վարանդայում, դա արվում է բացառապես պետական փողերի լվացումներով և դրանից հարստանում է Ադրբեջանի իշխող ընտանիքը, մինչդեռ անհասկանալի է, թե ում է ծառայեցվում այդ օդանավակայանը:
Այսինքն՝ ադրբեջանական հանրությունը, զինվորականությունը և օլիգարխիան անհաղորդ են ձեռք բերված այս ռազմական հաջողությանը:
Բայց Ալիևն ունի երկրում բարձր վարկանիշ: Մեկ կամ երկու երևացող կերպարներ կան Ադրբեջանի քաղաքական դաշտում, որոնք կարող են այլընտրանք ստեղծել նրան: Բայց դրան զուգահեռ, պետք է ասեմ, որ այնտեղ աճում են հակառուսական տրամադրությունները:
-Որոշ փորձագետների կարծիքով՝ Բաքվի կախվածությունն Անկարայից կտրուկ բարձրացել է: Սակայն ինչ եք կարծում՝ ինչքանո՞վ հաջողվում է Բաքվին մանևրել Մոսկվայի և Բաքվի միջև:
-Այս պահի դրությամբ, դեռևս հաջողվում է: Չգիտեմ ինչպես կստացվի հետագայում: Բայց Բաքվի կախվածությունն Անկարայից շատ է մեծացել: Վերջին հաղթանակը, հաջողությունը, իհարկե, թուրքական ռազմական գործիչների վարած քաղաքականության արդյունք է: Նույնիսկ թուրք օդաչուները պարգևատրվեցին իրենց գործողությունների համար, այսինքն՝ հրապարակային դա ընդունվում է: Ռուսական կամ նույնիսկ կարելի է ասել սովետական գեներալիտետն ամբողջովին դուրս է մղվել Ադրբեջանի զինված ուժերից: Դրա վերջին ներկայացուցիչը նախկին Գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովն էր, որը համարվում էր այդ կապող օղակը: Գիտենք, որ պատերազմի օրերին նա ուղղակի անհետացավ, ոչ մեկ նրա տեղը չգիտեր: Հետո շատ ավելի ուշ նրան պաշտոնանկ արեցին, իսկ հետագայում նորից նշանակեցին այդ պաշտոնին: Բայց նա այս պահին որևէ կերպ աչքի չի ընկնում:
Այսինքն՝ այս ամենի ֆոնին ադրբեջանական բանակում աճում է թուրքական ազդեցությունը, նվազում է, և կարող եմ ասել, գրեթե բացակայում է ռուսական ազդեցությունը: Բնական է, ով վերազինում է քո բանակը, մշակում է ռազմավարություն, նա էլ, փաստացի, վերահսկում է այդ պետությունը կամ ազդեցություն ունի այդ պետության վրա:
Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա մի կողմից տարածաշրջանում Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց մյուս կողմից՝ միջնորդ է: Այսինքն՝ փորձում է մանևրել այս երկու բարդ դերերի մեջ և դրա համար էլ Հայաստանում և Ադրբեջանում էլ հանրային առումով ինչ որ դիսոնանս է առաջանում: Ադրբեջանում վստահ են, որ Ռուսաստանը միշտ աջակցում է Հայաստանին, Հայաստանում էլ երբեմն դժգոհ են Ռուսաստանի ոչ ակտիվ գործողություններից: Բայց Ռուսաստանը փորձում է այս դերերը համադրել: Այդուհանդերձ, եթե մենք այս ամենին նայենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, այս ամենի հիմքում և վերջնանպատակը Ռուսաստանի դուրսբերումն է տարածաշրջանից: Հույս ունեմ, որ Ռուսաստանի քաղաքագիտական շրջանակները սա գիտակցում են: Այսօր իսկապես Ռուսաստանին պետք է շատ ավելի ուժեղ Հայաստան և ուժեղ դաշնակից տարածաշրջանում: Եթե տեսնում եք, Ադրբեջանը ու Թուրքիան հստակ քաղաքականություն ունեն՝ միասնաբար լուծել հարցերը՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը, փոխելով Արցախում և Արցախի շուրջ ստատուս-քվոն, անցնում են հաջորդական հարցերի իրագործմանը, որը կլինի նաև միջանցքի տեսքով, որը նաև պրոբլեմներ կստեղծի Իրանի համար: Այստեղ նաև Իրան-Իսրայել պայքարն էլ կա: Ընդ որում, վերջերս, երբ Ադրբեջանում նշում էին հաղթանակը, դուրս էին եկել քայլերթի նաև իսրայելական դրոշներով, բայց պարզ է, որ իսրայելական ներկայությունն այստեղ կեղծ էր:
Այստեղ տարբեր աշխարհաքաղաքական շահեր են բախվում՝ մի կողմից Թուրքիա և Ռուսաստան, որոնք երբեմն համագործակցում են, երբեմն պատերազմում: Ես կարծում եմ, որ ռուսական կողմը չի ուզում գնալ հստակ առճակատման և փորձում է շատ ավելի հանգիստ, զգուշավոր քայլերով մեղմել իրավիճակը: Բայց ես վստահ եմ, որ վերջնանպատակը Ռուսաստանի դուրսբերումն է տարաշաջրջանից: Մյուս կողմից, մենք գործ ունենք նաև Իրան-Իսրայել պայքարի հետ: Ցավոք սրտի, մենք հայտնվել ենք այդ ամենի թատերաբեմում և ուղղակիորեն մեզ վրա է ազդում այս ամենը, մեր պետության և պետականության վրա: