Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ օրակարգի առաջին հարցը եղել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ-ից։ Նախագիծը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենքում իրավական հստակեցում մտցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։
Օրենքի նախագծով ֆիքսվել են Արցախի Հանրապետության այն բնակավայրերը, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով բռնազավթվել են Ադրբեջանի կողմից: Ֆիքսվել են նաև այն բնակավայրերը, որոնց մի մասն է պատերազմի հետևանքով բռնազավթվել Ադրբեջանի կողմից, նաև այն բնակավայրերը, որոնք պատերազմից հետո դեռևս բնակեցված չեն: Նախագծով իրավական հստակեցում է մտցվել նաև Արցախյան առաջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրերի վերաբերյալ: