Հայաստանի կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախին։ Կառավարության որոշմամբ՝ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13,5 մլրդ դրամ: Նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրել 12 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով միջպետական վարկ և 1,5 մլրդ դրամ՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։
«Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող օժանդակությունը կտրամադրվի Արցախի բնակչության նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների, ինչպես նաև 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական և կրթության ծրագրերի ծախսերի ֆինանսավորման համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ տարեսկզբից առ այսօր Արցախին է փոխանցվել ավելի քան 199 մլրդ դրամի աջակցություն:
Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից և միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը և տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը: