Դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, հերթական առիթն է ավելի շատ խոսելու և մտածելու մեր հասարակության մի զգալի հատվածի հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին: Այս մասին հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեմատիկ իրազեկման արշավի այս տեսանյութում ինքը հանդես է գալիս որպես հաշմանդամություն ունեցող անձ՝ խոսելով իր անձնական փորձառության ու մոտեցումների մասին:
«Անձնական՝ յուրաքանչյուր անձ առաջին հերթին իր ներքին խոչընդոտներն ու դժվարությունները պետք է հաղթահարի, որպեսզի ավելի հեշտորեն կարողանա հաղթահարել արտաքին խոչընդոտները. հաշմանդամությունը հնարավորություն է ավելի ուժեղանալու և զարգանալու համար:
Պաշտոնական՝ պետությունը պարտավոր է ապահովել առավելագույն բարենպաստ միջավայր ու հավասար պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց ինքնաիրացման ու զարգացման համար, և ես, որպես պետական նախարար, դրա համար ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ ջանքեր եմ գործադրում»,- գրել է Բեգլարյանը: