Ստոկհոլմում նախատեսված ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չի կայացել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, որպես հանդիպման ձախողման պատճառ, նշել է «հայ խորհրդարանականների անօրինական այցը Ադրբեջանի Հանրապետության տարածք», այսինքն՝ Արցախ:
Նրա խոսքով, որոնք մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դեկտեմբերի 3-ին նշանակված հանդիպումից մի քանի ժամ առաջ «տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ հայ խորհրդարանականներն Ադրբեջանի Հանրապետության տարածք ապօրինի են այցելել»:
«Այսպիսով, ադրբեջանական կողմը նպատակահարմար չի գտել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկացումը՝ ի պատասխան Հայաստանի կողմից այդ սադրանքին»,- հայտարարել է Աբդուլաևան՝ հերթական անգամ բարձրաձայնելով այն թեզը, թե «Հայաստանի դիրքորոշումը խարխլում է տարածաշրջանում խաղաղարար ջանքերը»։
Ընդ որում, Աբուլաևան չի անդրադարձել նրան, որ «հանդիպումից մի քանի ժամ առաջ» ադրբեջանցի զինվորականները հերթական հանցագործությունն են կատարել՝ ներխուժելով չեզոք տարածք և սպանել Արցախի խաղաղ բնակիչ Սեյրան Սարգսյանին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չի կայացել։
Նշենք, որ համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի որոշմամբ Ստեփանակերտ են գործուղվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Թովմասյանը, Լիլիթ Գալստյանը, Նարեկ Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Հակոբ Ասլանյանը, Կնյազ Հասանովը և փորձագետ Մարինե Հակոբյանը: