Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծության պայմաններում մեր ժողովուրդը բարձր մակարդակով կազմակերպեց Անկախության հանրաքվեն և ուղենշեց այն ճանապարհը, որով պետք է հասնենք մեր նպատակների հանգրվանին: 2006թ.-ին ընդունված ԱՀ Սահմանադրությամբ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը այն արժեքներին ու գաղափարներին, որոնցով շաղախվել են մեր նորանկախ պետականության հիմքերը:
Եվ այս երեսնամյա երթը որքան էլ դժվարին ու արնաշաղախ էր, սակայն կարողացել ենք համազգային ջանքերով կերտել ու որոշակիորեն ամրապնդել մեր պետականությունը՝ շարունակելով Արցախյան շարժման արժեքաբանական ընթացքը: Այս մասին գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շնորհավորելով Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրը։
«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին, հակամարտող կողմերին ներկայացված հայտնի երեք սկզբունքներից ուժի չկիրառմանը և միջազգային իրավունքի հանրահայտ այլ սկզբունքներին, Ադրբեջանը Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության նկատմամբ քանիցս իրականացրեց ռազմական ագրեսիաներ, որոնցից 2020թ.-ի ագրեսիան ամենածանր փորձությունը դարձավ մեր պետականության ու ժողովրդի համար: Անկախ դրա հարուցած մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական մեծածավալ հետևանքներից՝ Արցախի Հանրապետությունը կանգուն է, իսկ անկախության ընտրված ճանապարհին մեր ժողովրդի կամքն ու տոկունությունը՝ անսասան:
Դրա վառ ցուցիչներից են այս կարճ ժամկետում շուրջ 120 000 բնակչության առկայությունը, անվտանգային միջավայրի բարձր տոկոսով ապահովումը, պետական ինստիտուտների աշխատանքն ու զարգացման ջանքերը, ենթակառուցվածքների ու տնտեսության վերականգնումը: Հատկանշական է, որ պետական մարմինները ոչ միայն կատարում են իրենց կենսական լիազորությունները ԱՀ Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա, այլ նաև խորհրդանշականորեն հենց այսօր երկու խոշոր համայնքում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ որպես մեր պետականակերտման վճռականության փոքրիկ, բայց և կարևոր դրսևորումներ:
Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին և մեր ապագա անելիքներին՝ կառանձնացնեի մի քանի հիմնական դրույթներ.
ա) Անվտանգություն. Այսօր կարող ենք փաստել, որ չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող նպատակային սադրանքներին, ռուսական խաղաղապահ զորակազմի և Պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն է տալիս ապագայի տեսլական ունենալ և գործուն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Այս առումով ես մեկ անգամ ևս ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ինչպես Հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած բոլոր զինծառայողներին, այնպես էլ խաղաղապահ զորակազմի բոլոր անդամներին ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ տարածաշրջանում կասեցվել են թուրքական աշխարհի նկրտումները և պահպանվում է խաղաղությունը:
բ) Արտաքին քաղաքականություն. Մենք շարունակելու ենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար պայքարը: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար:
գ) Ժողովրդագրություն. Արցախը հայկական պահելու և հակամարտությունը հայանպաստ կարգավորելու գլխավոր երաշխիքներից մեկը հայ ժողովրդի գոյությունն է իր սեփական հայրենիքում: Այդ առումով հետպատերազմյան ժողովրդագրական ցուցանիշները բավականին հուսադրող են, սակայն անհրաժեշտ է լրջագույն ջանքեր ու ռեսուրսներ ներգրավել ցանկալի արդյունքների հասնելու համար:
Այդ համատեքստում բնակարանային կարիքների բավարարումը գլխավոր հիմնախնդիրն է, որի լուծման կարևոր գործին լծվել ենք պատերազմից անմիջապես հետո: Մասնավորապես, լայնածավալ շինարարություն ենք մեկնարկել Արցախի տարբեր հատվածներում և նախատեսում ենք երեք տարվա ընթացքում շուրջ 5,000 բնակարան կառուցել տեղահանվածների և այլ խոցելի խմբերի համար:
դ) Սոցիալ-տնտեսական զարգացում. Հատկապես պատերազմի հետևանքով տնտեսական ներուժի հիմնական մասի կորստի պարագայում սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրները շատ սուր են արտահայտված: Իհարկե, ՀՀ կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու բարեգործական այլ կազմակերպությունների, ՌԴ կառավարության ու ԿԽՄԿ մարդասիրական աջակցության շնորհիվ բազմաթիվ խնդիրներ կարողացել ենք լուծել, սակայն ինստիտուցիոնալ լուծումների համար շատ կարևոր է Արցախի Հանրապետության գալիք տարիների պետական բյուջեի ծավալները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ի շնորհիվ ՀՀ աջակցության՝ 2022թ.-ին ԱՀ պետական բյուջեի ծախսային մասը կկազմի շուրջ 215 մլրդ ՀՀ դրամ: Համեմատության համար արձանագրեմ, որ 2020թ. պետբյուջեն մոտ 122 մլրդ ՀՀ դրամ էր:
ե) Ներքին քաղաքականություն. Թե՛ պատերազմից առաջ և թե՛ հատկապես դրանից հետո ես բացել եմ համագործակցության դռները բոլոր քաղաքական ուժերի առջև՝ հավատալով, որ միայն միասնական ջանքերով հնարավոր է դիմակայել այս ծանր մարտահրավերները: Այդ առումով ունենք տեսանելի շատ արդյունքներ, որոնք մեծապես պայմանավորված են նաև համագործակցային միջավայրով»,- ասված է շնորհավորական ուղերձի մեջ: