Արցախի ապագայի մեր տեսլականը կայուն անվտանգությունն է, սոցիալ-տնտեսական զարգացումը, ժողովրդագրական աճը, որակյալ կրթությունը և արդյունավետ կառավարումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ առավել երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ են հակամարտության լուծման խաղաղ միջոցներ՝ իրավունքների պահպանության հիման վրա, այդ թվում՝ ինքնորոշման, անկախության միջազգային ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի։
Խոսելով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված սոցիալական խնդիրների մասին՝ Բեգլարյանն ասաց, որ տեղահանված է 40 000 արցախցի։ Բնակարանային խնդիր ունեցողների ցուցակում նրանք առաջինն են։ Կան այլ սոցիալապես խոցելի ծրագրեր, որոնք նույնպես ունեն բնակարանի խնդիր։
«Մենք պլանավորում ենք 3 տարվա ընթացքում ավելի քան 5000 բնակարան կառուցել հիմնականում տեղահանվածների և զոհվածների համար։ Մի մասը կվերականգնենք հին բնակֆոնդից։ Ընթացքում է Ստեփանակերտում 1211 և շրջաններում 1638 բնակարանի կառուցումը»,- ասաց Բեգլարյանը։ Նա նաև նշեց, որ մինչ այս տարվա վերջ շահագործման կհանձնվի 317 բնակարան, որից 294-ը՝ Ստեփանակերտում։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ եթե տարեսկզբին բյուջեի տարեկան սեփական եկամուտները կանխատեսել էին շուրջ 17 մլրդ դրամի շրջանակում, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ տարեվերջին կունենան շուրջ 31 մլրդ: