Մինչև պատերազմը Ադրբեջանի հետ շփման գիծը շուրջ 200 կմ էր, հիմա՝ 500 կմ։ Այդ 500 կմ-ի 90 տոկոսը նոր առաջնագիծ է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Արցախի անվտանգության ամրապնդման համար տարվող աշխատանքների մասին։
Նրա խոսքով՝ քանիցս առաջարկել են, որ ԶՈՒ-ն հեռու լինի բնակավայրերից, սակայն սա միջազգային գործընկերների քննարկելիք հարցն է, այստեղ նրանք անելիք ունեն։
«Ադրբեջանը որևէ կերպ ընդառաջ չի գնում որևէ մեխանիզմի ներդրման առաջարկին»,- հայտնեց Բեգլարյանը՝ նշելով, որ միջազգային կողմերը որևէ պարտադրանքի չեն դիմում՝ անկախ Ադրբեջանի ցանկության։
Ինչ վերաբերվում է Շուշիի և Մարտակերտի տարածքում տեղի ունեցած խաղաղ բնակիչների սպանության գործերին, ապա այս առիթով Ադրբեջանը չի ներկայացրել հանցագործի անունը՝ ո՛չ ռուս գործընկերներին, ո՛չ հայկական կողմին։ Հանցագործի հանդեպ որևէ պատժամիջոց, ըստ Բեգլարյանի, չի կիրառվել։ Նա նաև նշեց, որ տեղյակ էլ չէ, թե ռուս խաղաղապահների տեղակայման վայրերը սնող ջրատարն ի վերջո նորոգվել է, թե ոչ։