Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են ավելի քան 250 ուխտավորների ու տեղի բնակիչների այցը Ամարաս վանական համալիր։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են ուխտավորների անվտանգությունը, որոնք ցանկանում են այցելել վանք:
Ուխտավորները Մարտունու շրջան են ժամանել Ստեփանակերտ քաղաքից և վանական համալիրի հարակից բնակավայրերից: Նշվում է նաև, որ ուխտավորների այցից մեկ օր առաջ ստուգվում է պայթյունավտանգ առարկաների առկայությունը։
Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում մարտական գործողությունների ավարտից հետո Ամարասի վանքը կողմերի սահմանազատման գծին անմիջապես մոտ է հայտնվել։ Ամարասը վաղ միջնադարյան հայկական քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Արցախի Մարտունու շրջանի տարածքում։ Միջնադարյան Հայաստանում ունեցել է հայտնի կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: