Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է հանձնել այն կապակցությամբ, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը դեկտեմբերի 22-ին այցելել է Արցախ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Վալերի Պեկրեսն ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»։
Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի մասին Twitter-ում հայտնել Է France TV-ի լրագրող Ժյուլիեն Նենին:
Տեղեկացնելով, որ Լեռնային Ղարաբաղում Պեկրեսը հանդիպումներ է ունեցել տեղի քաղաքական գործիչների հետ, Նենին նշել է, որ Հայաստան և Ղարաբաղ ուղևորության ընթացքում իրեն ուղեկցող ֆրանսիացի լրագրողները անվտանգության նկատառումներով չեն լուսաբանել այդ այցը:
Վալերի Պեկրեսը Արցախ կատարած այցի ընթացքում ուղեկցել է Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյին:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Պեկրեսին Արցախ այցելելու համար:
Շնորհակալ եմ Վալերի Պեկրեսին և Բրունո Ռետայոյին Արցախ նրանց այցելության համար։ Ողջունում եմ նրանց համոզմունքները։ Սա ընդհանուր բան է, մեր քաղաքակրթության համար պայքար։ Կիսում եմ նրանց հույզերը Ադրբեջանի կողմից սպանված հազարավոր հայերի կապակցությամբ», – գրել է Բուայեն։
Հիշեցնենք, որ Վալերի Պեկրեսը նախօրեին Երևանում մամուլի ասուլիս էր հրավիրել հայաստանյան և ֆրանսիական լրատվամիջոցների համար։ Նա մասնավորապես հայտարարել է, որ Ֆրանսիան մի քանի հարթակներում կարող է էական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Նման հարթակներից մեկը, նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն է, մյուսը՝ Եվրոպական միության հարթակը։
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն նաև հայտնել է Փարիզում Հայաստանին աջակցող միջազգային խորհրդաժողով կազմակերպելու մտադրության մասին, որի օրակարգում կլինեն խաղաղության հաստատման և պահպանման հետ կապված հարցեր, ինչպես նաև այլ կարևոր հարցեր, ինչպիսիք են հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանումն Արցախում: