ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն այցելել է Արցախ և հանդիպել Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին Միլոնովը հայտնել է Facebook-ում:
«Հաճույքով հանդիպել եմ Արցախի նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի հետ։ Քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Հանրապետությունում քրիստոնեական համայնքների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը հետպատերազմյան շրջանում», – գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ 2020թ. հոկտեմբերին Ադրբեջանը Վիտալի Միլոնովին ներառել էր «սև ցուցակում» Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: 2021 թվականի հունվարին Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել էին Ադրբեջանի ԱԳՆ՝ Ղարաբաղի մասին Միլոնովի արտահայտությունների պատճառով։