Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր, ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից։
«Իրականում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:
Նշենք, որ ավելի վաղ ԱՀ ՄԻՊ աշխատակազմից Armenia Today-ին հաստատել էին, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան։