ԱՀ դատախազությունը տեղահանված արցախցիներին մատուցված ծառայությունների մասով պարզաբանում-հայտարարություն է տարածել։
«2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի դատախազական ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ խնդրահարույց է կառավարության սոցիալական քաղաքականության շահառուների շրջանակը և նրանց տրամադրվող աջակցության ծավալները որոշելու մեթոդաբանությունը, անարժանահավատ են տեղեկությունների ստացման աղբյուրները, ինչպիսի մոտեցումները իրենց հերթին մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, նպաստավոր պայման են հանդիսանում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնական փաստաթղթերի կեղծման և հափշտակությունների տեսքով հանցավոր արարքների կատարման համար։ Այն խնդիրները, որոնք ներկայացվել են վերը, կրում են համատարած բնույթ և էական ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ շահառուների շրջանակը և աջակցության ծավալը որոշելու հարցում:
Վերոգրյալը թույլ է տալիս փաստելու, որ ԱՀ կառավարության N 579-Ն առ 03.06.2021թ. որոշմամբ սահմանված՝ 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը ճիշտ կազմակերպելու և աջակցության իրական հասցեատերերի շրջանակն ու ծավալը որոշելու համար անհրաժեշտ է վերանայել տեղեկությունների հավաքագրման եղանակը, աջակցության կարիք ունեցող անձանց շրջանակը որոշելու մոտեցումները կամ փոփոխել աջակցության տրամադրման մեթոդաբանությունն ու նպատակայնությունը՝ յուրաքանչյուր կասկածահարույց անհատական դեպք ենթարկելով մանրակրկիտ ստուգման:
Ակնհայտ է, որ այս գործընթացում թույլ տրվող ենթադրյալ չարաշահումների, խախտումների կամ անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրման ելակետային աղբյուրների անկատար լինելու հետևանքով առաջնահերթ տուժում են կամ նման վտանգի ենթարկվում են բարեխիղճ ու օրինապաշտ քաղաքացիները, այդուհանդերձ, այս իրավիճակում հանրային շահը մասնավորի նկատմամբ պետք է դիտարկել որպես գերակա, քանզի խոսքը պետական բյուջեի բավականին մեծ միջոցների հնարավոր վատնման, փոշիացման կամ հափշտակության մասին է:
Այս գործընթացի օրինականությունը պարզելու ուղղությամբ դատախազության կողմից ուսումնասիրությունը և ստուգումները շարունակվում են, իսկ արդեն վեր հանված խնդիրների ու թերությունների վերաբերյալ առաջիկայում գրավոր հաղորդում է ներկայացվելու ԱՀ գործադիր իշխանությանը»,- նշվում է հայտարարության մեջ։