Փետրվարի 18-ին՝ ժամը 7։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։ Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։
Նշվում է, որ դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն:
Փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ: