ԱՀ նախագահ Արայիկ Հարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որով ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը։
Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:
«Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:
Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար»,- գրել է նա:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով:
«Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը: Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,- գրել է ԱՀ նախագահը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ՌԴ նախագահն իր տեսաուղերձում հայտարարել է, որ ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը։