Արցախի Հանրապետությունում՝ մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում, խուճապ չկա։ Մենք պետք է հասկանանք, որ տեղի ունեցած միջադեպն Ադրբեջանի ոճն է, այն չեն վերանայելու։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտարարեց ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Այստեղ խնդիրը ժողովրդի մեջ չէ, այլ պետության, որովհետև չեն լինում վատ կամ լավ ազգեր, լինում են լավ կամ վտանգավոր պետություններ։ Ադրբեջանն այդպիսի պետություն է։ Ադրբեջանցիները միշտ էլ տարբեր պրովակացիաների են դիմել և շարունակելու են դիմել, մենք էլ պետք է մեր տեղը կագնենք։ Ի վերջո, Արցախը մարտնչող երկիր է»,- ասաց նախարարը և պնդեց, որ արցախցու ոգին անկոտրուն է, կամքը՝ անսասան։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները տեղում են, և անհանգստանալու կարիք չկա։
«Որևէ արկածախնդրություն Ադրբեջանի կողմից իր համար կատաստրոֆա է լինելու։ Նրանք չեն դիմի լայնածավալ պատերազմի։ Ինչ ուզում են, թող ասեն, մեզ համար նորություն չեն այդպիսի միջադեպերն ու սադրանքները»,- նշեց Բաբայանը։
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, որ պատկան մարմինները համապատասխան քայլեր են ձեռնարկում, իրավիճակը վերահսկողության տակ է։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ից ադրբեջանցիները բարձրախոսով հայերենով Խրամորթ գյուղի բնակիչներին հորդորում են լքել տարածքը, հակառակ դեպքում, պնդում են, որ ուժ են կիրառելու։
Հիշեցնենք նաև, որ սա վերջին շրջանում միակ միջադեպը չէ։ Փետրվարի 15-ին էլ ադրբեջանական կողմը Խրամորթ գյուղի վարչական տարածքում կրակել էր Խնապատ գյուղի բնակչի ուղղությամբ՝ վնասելով գյուղացու տրակտորը։