Ստեփանակերտում այսօր խաղաղ ակցիա է կազմակերպվել՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման իրավունքի։ Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։
Ըստ գործակալության՝ ակցիային մասնակցում էին Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը, կուսակցության ներկայացուցիչները, քաղաքացիներ:
«Արդարություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Արշակ Աբրահամյանը ողջունելի է համարել Ռուսաստանի կողմից տվյալ հանրապետությունների անկախության ճանաչումը և հույս հայտնեց, որ հաջորդիվ կճանաչվի Արցախի Հանրապետությունը:
«Արցախցին իր հողում անկախ ապրելու իրավունքը հաստատել է՝ երեք պատերազմներում հերոսաբար պաշտպանելով այն»,-նշել է Աբրդահամյանը՝ հավելելով, որ ողջունում են Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը և չեն ընդունում արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ «Նկատի ունենք կիրառվող բոլոր սանկցիաները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակումը դեպի ՌԴ սահման՝ օգտագործելով Ուկրաինայի իշխանություններին», – նշել է Աբրահամյանը:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողություն սկսել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Գոմելում։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը, բանակցություններում իրենց համար առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումն ու Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումն է:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո հայտնել է, որ կողմերը «գտել են որոշ կետեր, որոնց շուրջ կարելի է ընդհանուր դիրքորոշումներ նախանշել»:
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 1-ին հայտարարել է, որ ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ ընդհուպ մինչև սահմանված նպատակներին հասնելը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն մարտի 3-ին ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ, սակայն շարունակելու է գործողությունը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ Ուկրաինայում այնպիսի ենթակառուցվածքների գոյությունը, որը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը», – հայտարարել է Լավրովը: