Ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում: Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը:
«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի կազմակերպմանը։ Ռազմական ուժի կիրառման սպառնալիքին հոգեբանական ճնշման տեղեկատվական գրոհն ու բարձրախոսներով տարբեր բնույթի հայտարարությունների տարածման տարբերակն հավելելուց հետո այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել «Ապագա սերունդներ» հիմնադրամի ՍՊԸ-ի աշխատակիցների ուղղությամբ, որոնք այդ պահին հողային աշխատանքներ էին իրականացնում: Փետրվարի 25-26-ը ադրբեջանցիները բարձրախոսներով հայերեն լեզվով պահանջում էին համայնքի բնակիչներից լքել գյուղը՝ հայտարարելով, որ պատասխանատվություն չեն կրում հետագա գործողությունների համար: Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները դադարեցվել են ռուս խաղաղապահների միջամտությունից հետո: