Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործումը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում անթույլատրելի է։ Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Ռուսական ռազմական գերատեսչությունը երկուշաբթի օրը տեղեկացրել էր, որ Սիրիան և Լեռնային Ղարաբաղը սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր են ուղարկել Ուկրաինայի Կիևի և Զապորոժյեի մարզեր։
Այդ կապակցությամբ Բաքուն շտապեց հիշեցնել Մոսկվային, որ «Ադրբեջանի Հանրապետության տարածքում» Լեռնային Ղարաբաղ կոչվող վարչատարածքային միավոր չկա: Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև նշում է, որ ռուսական իշխանությունները բազմիցս հայտարարել են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը:
«Սակայն, ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման, ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններում և ավելի վաղ նշված անվան տակ նշվում էին Ադրբեջանի ինքնիշխան տարածքները։ Նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին և հանգեցնել լարվածության սրման ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները», — ասվում է ադրբեջանական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ: