Այս գիշեր ադրբեջանական կողմը կրակոցներ չի արձակել գյուղի ուղղությամբ, հիմա էլ իրավիճակը հանգիստ է: Այս մասին Armenia Today-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը: Նա վստահեցրեց, որ գյուղատնտեսական աշխատանքները բնականոն հունով ընթանում են, գյուղացիները զբաղված են առօրյա հոգսերով:
«Մարդիկ իրենց առօրյա հոգսերով են զբաղված, դպրոցը գործում է, խուճապային տրամադրություն չկա: Հիմա ամեն ինչ նորմալ է: Հակառակորդն ամեն ինչ անում է, որպեսզի մեր ժողովուրդը հիասթափվի, հոգեբանական ճնշումներ են գործադրում, որ մարդիկ վախենան ու գյուղը լքեն։ Ուզում են տիրանալ մեր տարածքներին, ինչպես պատերազմի ժամանակ, բայց այդպիս բան չի լինի: Մենք Խրամորթը թողնողը չենք, նույնիսկ կյանքի գնով էլ լինի՝ պահելու ենք, գնալու տեղ չունենք»,-հայտարարեց գյուղապետը:
Մարտի 7-ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ Զորիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ կրակոցներից գյուղը վնասներ չի կրել, տուժածներ չկան։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները հայ զինվորների հետ հավասար պահում են Արցախի անվտանգությունը, ուշադիր են յուրաքանչյուր միջադեպի լուծման ուղղությամբ և բոլոր զանգերին անմիջապես արձագանքում են։
«Հիմա Արցախում ռուս խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ իրենցից կախված է: Հիմա խրամորթցիները հանգիստ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն են կատարում»,- եզրափակեց Խրամորթի ղեկավարը:
Նշենք, որ վերջին օրերին հակառակորդը կրակել է Խրամորթի ուղղությամբ՝ գյուղացիներին թույլ չտալով հողագործական աշխատանքներ իրականացնել:
Ավելի վաղ ադրբեջանցիները հայերեն լեզվով, բարձրախոսներով հայտարարել են, որ տարածքն իրենցն է՝ բնակիչներին հորդորելով լքել գյուղը, հակառակ դեպքում սպառնացել են ուժ կիրառել: