ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասմանը, որի հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։
«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։
Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրեբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։
Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։
Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է»,-նշել է ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: