Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերի կիրառմամբ, ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ:
Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները:
Հիշեցնենք, որ մարտի 7֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել էր Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ Մարտի 8-ին ադրբեջանական կողմը դարձյալ կրակել է Խրամորթի ուղղությամբ։
Իսկ մարտի 7-ի ուշ երեկոյան Շուշիի հարևանությամբ գտնվող անտառածածկ տարածքներից ուժեղ պայթյուններ են լսվել, որից հետո Արցախում գազամատակարարումն անջատվել է։ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները։
Արցախի ԱԳՆ ներկայացուցիչները հայտնել են, որ Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածի ականազերծումից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները: