Արցախի Հանրապետության ազգային ժողովը միաձայն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին հայտարարության նախագիծը, որով խորհրդարանը միջազգային կառույցներին կոչ է անում համարժեք գնահատականի արժանացնել հատկապես վերջին օրերին Ադրբեջանի գործողություններին, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
Հայտարարությամբ Արցախի Հանրապետության ԱԺ-ն խստորեն դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը: Այսպիսով` պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առակ փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը:
Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները:
Հայտարարության նախագիծն ընդունվեց միաձայն՝ 32 կողմ ձայներով: