Արցախի Թաղավարդ գյուղում ռուս խաղաղապահները բարձրախոսներով կոչ են անում ադրբեջանցի զինվորականներին պահպանել հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Այս մասին հաղորդվում է ԱՀ Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում։ Նշվում է, որ ադրբեջանական սադրանքները գյուղի նկատմամբ չեն դադարում: Թաղավարդի բնակիչները գրեթե ամեն օր կրակոցներ են լսում, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից սպառնալիքներ։
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ռուս խաղաղապահները ռուսերենով, հայերենով և ադրբեջաներենով բարձրախոսներով կոչ են արել ադրբեջանական կողմին պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
Ադրբեջանական սադրանքները շարունակվում են նաև Կարմիր Շուկա գյուղի նկատմամբ։ Ինչպես տեղեկացրել է համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը, գյուղի ուղղությամբ հիմնականում հրաձգային զենքերից կրակում են գիշերային ժամերին: Նրա տեղեկատվության համաձայն՝ ավելի ուշ պարզվել է, որ կրակը տարածվել է նաև ռուս խաղաղապահների տեղակայման վայրի ուղղությամբ, փամփուշտը ընկել է շենքի տանիքի վրա:
«Թաղավարդում և Կարմիր Շուկայում գիտակցում են, որ հակառակորդը հոգեբանական ճնշումների է դիմում։ Բայց երկու գյուղերն էլ գտնվում են առաջնագծում, և նրանց բնակիչները նրա մարտիկներն են»,- ասվում է ռեպորտաժում։