Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդն իր մտահոգությունն է հայտնել Արցախի հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Իր հայտարարության մեջ, որի տեքստը տեղադրված է Եվրախորհրդարանի կայքում, պատգամավորը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի եզրին հենց այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը, նրա խոսքով, կենտրոնացած է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի վրա:
«Ինձ ավելի ու ավելի է անհանգստացնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների ծանր վիճակը։ Մարտի 8-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել է Լեռնային Ղարաբաղը գազ մատակարարող գազամուղը։ Չնայած ցուրտ եղանակին՝ խողովակաշարը դեռ չի վերանորոգվել։ Անհրաժեշտ է ապահովել գազատարի վնասված հատվածին անարգել հասանելիություն, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվեն մատակարարումները։ Միևնույն ժամանակ, մարտի սկզբից հաճախակի են դարձել հաղորդումները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Ադրբեջանը խոշոր տրամաչափի ականանետերից գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի մի քանի գյուղեր։ Վերջին շաբաթներին բարձրախոսների միջոցով ադրբեջանական իշխանությունները կոչ են անում տեղի հայ բնակչությանը լքել իրենց գյուղերը՝ ուժեղացնելով հոգեբանական ճնշումներն ու ուժի կիրառման սպառնալիքները»,- նշել է պատգամավորը։
Մարինա Կալյուրանդն ընդգծել է, որ լրջորեն մտահոգված է այդ իրադարձություններով և Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակով:
«Ես վճռականորեն դատապարտում եմ խաղաղ բնակիչների դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողություն և կրկին կոչ եմ անում շուտափույթ վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն կարգավորման համար։ Ես նաև հիշեցնում եմ վստահության ամրապնդման և հումանիտար ու այլ հարցերի լուծման ուղղված ԵՄ աջակցությունն ավելացնելու անհրաժեշտության մասին»,- նշել է ԵԽ պատգամավորը: